12 հոկտեմբերի 2018 - 14:33 AMT
Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը, հայտնել է կուսակցության հանրային կապերի գրասենյակը։

Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի:

Հանրապետական» խմբակցության և խմբակցությունը լքած մոտ 20 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը:

Ավելի ուշ ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները, «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին»: