Գրասենյակ. Քոչարյանը կապ չունի ԱԱԾ հոլովակում հիշատակվող հյուրանոցների հետ

Գրասենյակ.  Քոչարյանը կապ չունի ԱԱԾ հոլովակում հիշատակվող հյուրանոցների հետ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը և ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել վերաբերյալ ԱԱԾ տեսանյութին, նշել է, որ «դա իշխանությունների՝ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է»։

«Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո, որն ի չիք դարձրեց «սահմանադրական կարգը տապալելու» հարցով Քոչարյանի քրեական հետապնդման իրավական հեռանկարները, իշխանությունները հապճեպորեն փորձում են նրա դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ «սարքել»։ Ակնհայտ է, որ դա արվում է սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար։ Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների՝ այդ թվում Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե լինելով նախագահի պաշտոնում, թե, առավել ևս, պաշտոնավարումից հետո։

«Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հոլովակ ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով:

Տեսանյութում կա երկու հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից, որոնցից մեկը «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցից է, մյուսը՝ արդեն 2018թ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որտեղ նախագահը խոսում է Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին:

Իսկ հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորել է գործարար, «Հ2» հեռուստաընլերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: Ըստ մամուլի՝ նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը:Համաձայն մամուլի, այդ գումարը պետք է հասներ Ռոբերտ Քոչարյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---