Փաշինյանը Թրյուդոյին է նվիրել նրա հոր՝ 1984-ին ՀՀ այցից լուսանկարը

Փաշինյանը Թրյուդոյին է նվիրել նրա հոր՝ 1984-ին ՀՀ այցից լուսանկարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Ընթրիքի ժմանակ Փաշինյանը Կանադայի վարչապետին է նվիրել ԱԱԾ արխիվներից հայտնաբերված նրա հոր՝ Պիեռ Թրյուդոյի ՀՀ այցից լուսանկարը:

Թրյուդոն իր հոր, Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան է այցելել դեռևս խորհրդային շրջանում՝ 1984-ին:Նրա հայրըժամանակին նույնպես զբաղեցրել է Կանադայի վարչապետի պաշտոնը, սակայն ՀՀ այցի ժամանակ արդեն վարչապետ չէր:

«Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել, մենակ չեն եղել, մենակ չեն եղել: Եվ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Տրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ես խմում եմ մեր երկրների բարեկամության համար, ես խմում եմ Կանադայի պետականության և ժողովրդի համար, ես խմում եմ Կանադայի վարչապետի կենացը և Կանադայի կառավարության կենացը: Ողջ լինես, սիրելի′ եղբայր», - ասել է Փաշինյանը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, իսկ հոկտեմբերի 12-ին մեկնարկել է նրա պաշտոնական այցը ՀՀ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---