16 հոկտեմբերի 2018 - 13:41 AMT
Զոհրաբյան. Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականին, ասել է, որ որևէ քաղաքական ուժ «ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա համոզմունք է հայտնել, որ որևէ արտակարգ իրավիճակ չի լինի՝ վարչապետը հրաժարական կտա, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, և խորհրդարանը կլուծարվի:

«Երկու շաբաթը հանգիստ, խաղաղ, անաղմուկ կանցնեն, և մենք կթևակոխենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման փուլ», - ասել է Զոհրաբյանը՝ ևս մեկ անգամ բացառելով, որ որևէ ուժ վարչապետի թեկնածու կառաջադրի:

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որից հետո, համաձայն իր ծրագրի, ԱԺ-ն երկու անգամ չի ընտրի վարչապետ և կլուծարվի: Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

Ավելի վաղ, «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեց, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն էլ հուշագիր ստորագրեց Փաշինյանի հետ, որով պարտավորվում են չառաջադրել վարչապետի թեկնածու և չաջակցել որևէ այլ ուժի առաջադրած վարչապետի թեկնածուին: