Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Այբի» աշակերտների գործերի ցուցահանդեսը

Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Այբի» աշակերտների գործերի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների «21-20 = 1 դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը։

20-21-րդ դարերի արվեստի ուղղություններով ոգեշնչված՝ այբեցիները ստեղծել են գունանկարային աշխատանքներ կուբիզմի, սուպրեմատիզմի, սիմվոլիզմի, սյուրռեալիզմի և փոփ արտի ոճերով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի նախարարը, «Այբ» ակումբի անդամները, Շուշիի արվեստի կենտրոնի տնօրենը, ուսուցիչները, սաները և այլք։

Բացի դրանից, Շուշիում կայացել է նաև «Արվեստանոց» ակումբի «Մի կտոր Երևան» նախագծի արցախյան շնորհանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ցուցադրվել է «Մի կտոր երևանցի» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և ներկայացվել են ֆիլմում օգտագործված ճեպանկարները։

Ցուցահանդեսը գրավել է նաև արտերկրի հյուրերի ուշադրությունը, ովքեր իրենց տպավորությունները գրի են առել հուշամատյանում։ «Տաղանդ, էներգիա, արվեստ և հիանալի արվեստագետներ։ Շնորհակալ եմ հիանալի ցուցադրություն կազմակերպելու համար։ Անչափ տպավորված և ոգեշնչված եմ ձեր աշխատանքով և ընկերասիրությամբ»,- քննախույզ հայացքով ուսումնասիրելով աշակերտների նկարները՝ հուշամատյանում գրել էր Լոնդոնից ժամանած ֆոտոլրագրողը։

Հոկտեմբերի 10-12-ը հյուրընկալվելով Արցախում՝ «Այբ» դպրոցի աշակերտները եղել են նաև Շուշիի մանկապատանեկան արվեստի կենտրոնում, որտեղ իրենց փորձն են ներկայացրել կենտրոնի աշակերտներին։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 1-ը։

«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է՝ կրթել և դաստիարակել ուսյալ, մրցունակ, ապագայի տեսլականով ու պատասխանատու երիտասարդների սերունդներ:

«Այբ» դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, և աշակերտների մոտ 75%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում): «Այբ» դպրոցը 12-ամյա է՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) բաղադրիչներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---