ՄԻՊ. Այլակարծությունն արժանանում է անհանդուրժողական վերաբերմունքի

ՄԻՊ. Այլակարծությունն արժանանում է անհանդուրժողական վերաբերմունքի

PanARMENIAN.Net - Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով:

Նշվում է, որ այս վիճակը շարունակվում է արդեն տևական ժամանակ և վտանգավոր է երկրում համերաշխության ու հանդուրժողականության և ի վերջո՝ մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

«Մեր երկիրը ներկայում կանգնած է համակարգային բնույթի հիմնարար փոփոխությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից մարտահրավերների առաջ: Մենք պետք է բոլոր խնդիրների լուծումն ապահովենք համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում. սա է մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և առկա խնդիրները լիարժեք լուծելու գլխավոր գրավականը: Դարձյալ հարկ եմ համարում արձանագրել, որ պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը կամ այդ սկզբունքներով առաջնորդվելը: Բոլորին խնդրում եմ նկատի ունենալ այս դիտարկումները:

Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանցից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում հայտարարել է, որ չպետք է «քաղաքական ռասիզմ» թույլ տալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---