Գերմանացի պատգամավորին կասկածում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Գերմանացի պատգամավորին կասկածում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

PanARMENIAN.Net - Transparency International (TI) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունն անհրաժեշտ է համարում քննություն սկսել Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի դեմ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով: Կազմակերպությունը պահանջում է նաև Բեռլինի դատախազությունից զրկել Շտրենցին պատգամավորի անձեռնմխելիությունից:

ԵԽ փորձագետների անցկացրած հետաքննության արդյունքներն, ըստ TI վարչության անդամ Վոլֆգանգ Վոդարգի, բավարար առիթ են տալիս Շտրենցի կոռումպացված լինելու հիմնավոր կասկածների համար, գրում է Deutsche Welle-ն:

Transparency International-ը նկատի ունի 2017-ի սկանդալը ԵԽԽՎ-ում, երբ Ադրբեջանի լոբբիստական գործունեության մասին իր հետաքննություն էր վարում Եվրոպական կայունության նախաձեռնությունը: Ամփոփիչ փաստաթղթում, որը կոչվում էր «Խավիարային քաղաքականություն» ապացույցներ էին բերվում, որ Բաքուն կաշառել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի անդամներին: Արդյունքում ԵԽԽՎ-ում ստեղծվեց սեփական անկախ քննիչ մարմինը՝ IBAC-ը, որը պարզեց, որ ԵԽԽՎ պատգամավորները հաստատել են, որ Ադրբեջանը փորձել է կազմակերպության լոյալությունը ստանալ բազում նվերների՝ սև խավիարի, գորգերի, թանկարժեք ալկոհոլի և ոսկերչական զարդերի տեսքով:

IBAC-ի զեկույցում, որը հրապարակվեց 2018-ի ապրիլին, ԵԽԽՎ տասնյակ անդամների անուններ կային: Նրանց թվում էր նաև Բունդեսթագի պատգամավոր Էդուարդ Լինտները, որը ԵԽԽՎ անդամ է եղել 1999-2010թթ. և որին համարում են Ադրբեջանի «առանցքային լոբբիստ»: Ըստ IBAC-ի, հենց նա է Բաքվի օգտին լոբբիստական աշխատանքում ներգրավել Կարին Շտրենցին: Նրան ևս արգելվել է ցմահ մուտք գործել Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ շենք:

Շտրենցը պնդում է, որ չի իմացել, թե Լինտների Line M-Trade խորհրդատվական ֆիրման ֆինանսավորվել է Ադրբեջանից: Սակայն քննիչները Ադրբեջանի հետ կապված շատ այլ հարցեր ունեին նրան ուղղված՝ օրինակ, ինչու է Շտրենցն ամուսնու անունով անվանափոխել իր նոր ստեղծած Karin Strenz GbR ընկերությունը, արդյոք նոր սեփականատերը փող ստացել է Բաքվից, եթե այո, ապա որ ծառայությունների համար:

Շտրենցը որպես դիտորդ հանդես գալով Ադրբեջանում 2015-ի նոյեմբերի 1-ի ընտրություններում, չէր հայտնել, որ կոմերցիոն շահեր ունի այդ երկրում: Ըստ որոշ տվյալների, լինելով այդ օրը Բաքվում, նա ոչ մի ընտրատեղամաս անգամ չի այցելել, փոխարենը եղել է Ալիևի նստավայրում:

Բեռլինի դատախազությունը հետաքրքրվել է Շտրենցի պատմությամբ, սակայն, կասկածներն այնքան համոզիչ չի համարել որ հետաքննություն սկսի: Գործը կարճվել է:

Բունդեսթագում Շտրենցի դեմ հարուցված գործը դանդաղ է առաջ շարժվում: Պատճառներից մեկը կարող է այն լինել, որ նրա զանցանքները, որոնց համար նրան արգելվել է մուտքը ԵԽԽՎ, կատարվել են, երբ նա ԵԽԽՎ պատգամավոր էր, ոչ թե Բունդեսթագի: Սակայն նա միևնույն է մնում էր գերմանացի պատգամավոր և պետք է հայտներ իր կողմնակի եկամուտների և դրանց ծագման մասին և դա չի կարող անհետևանք մնալ, գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---