5 հունիսի 2008 - 17:02 AMT
Ադրբեջանում դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբից
Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը (ԵԱԿ) Ինտերնետ-հարցում է անցկացրել` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի դեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) քվեարկության վերաբերյալ: Ըստ հարցման, հարցվածների 65 տոկոսը «շատ բացասական է» գնահատել Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը քվեարկության ժամանակ, 4 տոկոսը` «բացասական», 26 տոկոսը հայտարարել է թե «դա սպասելի էր»: Իշխող կուսակցության հայտարարության մեջ, որտեղ մեկնաբանվում են հարցման արդյունքները, ասվում է, որ պատասխանների նմանությունն ու հիմնականում բացասական ուղղվածությունը պատահական չեն: «Ոչ ոք չի ժխտում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ստեղծման պահից ի վեր մինչ օրս էական աշխատանք է կատարել, որոշակի քայլեր է ձեռնարկել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար: Սակայն, ցավոք, նման հեղինակավոր կազմակերպությունն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, վճռականություն չի ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եւ դա հանգեցնում է նրա ձգձգմանն ու խորացմանը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ նյուս» գործակալությունը: