Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներին տանջանքների են ենթարկում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներին տանջանքների են ենթարկում, ասել է Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, Հայաստանի ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության ղեկավար, գնդապետ Արշակ Կարապետյանը: «Մենք վկայություններ ունենք, որ մեր քաղաքացիները բարոյական եւ ֆիզիկական ճնշման են ենթարկվում: Ես տեղյակ եմ, որ այնտեղ անգամ առաջարկություններ են հնչում տարբեր քիմիական նյութեր օգտագործելու վերաբերյալ` ճնշում գործադրելու նպատակով»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կարապետյանը:



Նրա խոսքերով, տանջանքների միջոցով ադրբեջանական կողմը փորձում է գերիներից խոստովանություն ստանալ, որ նրանք հետախույզներ են հանդիսանում, եւ փորձում էին դիվերսիա կատարել Ադրբեջանի տարածքում: «Մենք երբեք չենք լքում մեր քաղաքացիներին: Վաղ թե ուշ նրանք բոլորը կվերադառնան հայրենիք»,- ասել է Կարապետյանը, ընդ որում նշելով, որ գերեւարվածների կյանքին վտանգ չի սպառնում: Կարապետյանը նաեւ նշել է, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմը Հայաստանի հետ չի կապվում, ինչի պատճառով հնարավոր չէ բանակցությունները շարունակել: «Եթե ադրբեջանցիները ցանկանում են փոխել խաղի կանոնները, ապա մենք կգնանք դրան: Սակայն այդ դեպքում մեր պատասխանը կլինի բավական կտրուկ: Իսկ դեռեւս մենք ձգտում ենք կարգավորել իրադրությունը ընդունված միջոցներով»,- ասել է Կարապետյանը:



Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը նշել է, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի մեջ մեղադրելու օրինական իրավունք չունի: «Այժմ Ադրբեջանում փորձում են ինչ-որ կերպ հիմնավորել մեր քաղաքացիների ձերբակալությունը, ինչ-որ օրենք հարմարեցնել: Երեկ, օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ հայերը ձերբակալված են «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության օրենսդրության համաձայն»,- ասել է Շահսուվարյանը: Նրա խոսքերով, Նորադուզի եւ Գավառի չորս բնակիչները ապրիլի 28-ին Նախիջեւանի տարածքում պատահմամբ են հայտնվել, այն բանից հետո, երբ փորձել են «հարաբերություններ պարզել» զորամասի տարածքում: «Տասներեք երիտասարդներ փորձել են «հարաբերություններ պարզել» այդ զորամասում ծառայող իրենց ընկերոջ հրամանատարի հետ: Այն բանից հետո, երբ հրամանատարը նախազգուշական կրակ է արձակել օդ, նրանք նստել են մեքենաները, եւ նրանցից չորսը պատահաբար անցել են սահմանը»,- ասել է Շահսուվարյանը: Նա նաեւ հավելել է, որ միջադեպի բոլոր 13 մասնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---