Թուրքիայի ՍԴ-ն անվավեր է ճանաչել համալսարաններում հիջաբ կրելն արտոնող նոր օրենքը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել համալսարաններում հիջաբ կրելն արտոնող նոր օրենքը: Սահմանադրական դատարանը, որը Թուրքիայում բարձրագույն դատական ատյանն է, որոշել է, որ այդ արգելքի վերացումը հակասում է սահմանադրության միանգամից երեք հոդվածներին, ներառյալ հոդվածն այն մասին, որ Թուրքիան աշխարհիկ պետություն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Ավելի վաղ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դիմել էր դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել այդ օրենքը, որ փետրվարին խորհրդարանով էր անցկացրել իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ):



Ընդդիմությունը պնդում էր, որ օրենքը չի համապատասխանում երկրի սահմանադրությանը, քանի որ սպառնում է պետության աշխարհիկ կառուցվածքին: Թուրքիայի կառավարությունը պատասխանում էր, թե հանրակրթական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը որոշ աղջիկների զրկում է կրթություն ստանալու իրավունքից:



11 դատավորների կոլեգիայի կայացրած որոշումը կարող է ազդել մյուս դատական լսումների ելքի վրա, որոնց ժամանակ ԱԶԿ-ի գործունեությունը կարող է արգելվել` պետության աշխարհիկ հիմքերը խարխլելու համար



Դատարանը կարող է արգելել կուսակցության 71 անդամներին, ներառայալ վարչապետին եւ նախագահին, հինգ տարվա ընթացքում անդամակցել որեւէ կուսակցության:



Պետական հաստատությունները, որոնք սատարում են Թուրքիայի աշխարհիկ կառուցվածքին` բանակը, դատարաններն ու համալսարանները, բոլոր ուժերով պայքարել են այդ արգելքը վերացնելու դեմ: Նրանք այդ ուղղումը դիտարկում են որպես մեջիթը պետությունից անջատելու մասին օրենքի ուղղակի խախտում եւ այն բանի ապացույց, որ իշխող կուսակցությունը գաղտնի փորձում է առաջ տանել իսլամիստական օրենքը:



Իշխանության կուսակցությունը ժխտում է դա: Այն բազում սոցիալական բարեփոխումներ է անցկացրել` փորձելով հասնել Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: ԱԶԿ-ն սերտորեն կապված է իսլամի հետ, վարչապետ Ռեջեփ Էրդողանը 1990-ականներին բանտ է նստել իսլամիստական գործունեության համար: 1997թ. այդ կուսակցությանը հեռացրեցին իշխանությունից: Սակայն վեց տարի առաջ այն վերախմբավորվեց կրոնական պահպանողականների, ազգայնականների, ազատականների եւ աջակենտրոնամետների լայն կոալիցիայի պլատֆորմի վրա:



ԱԶԿ-ի ներկայացուցիչները, որոնք անցած ընտրություններում համոզիչ հաղթանակ տարան, հավաքելով քվեների 47 տոկոսը, պնդում են, որ հիջաբ կրելը անձնական եւ կրոնական ազատության հարց է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---