Հայկ Դեմոյանը կոչ է արել Հայաստանի եւ Վրաստանի լրագրողներին ձեռնպահ մնալ ազգայնական կրքերի բորբոքումից

PanARMENIAN.Net - Երեւանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը կոչ է արել Հայաստանի եւ Վրաստանի լրագրողներին ձեռնպահ մնալ ազգայնական կրքերի բորբոքումից: «Դրանից տուժում են մեր ընդհանուր հիշողությունն ու վրացիների ու հայերի նոր սերնդի ապագա համագործակցության հեռանկարները»,-ասել է նա: Մասնավորապես, խոսքը գնում է ԶԼՄ-ների այն հաղորդագրության մասին, թե Վրաստանը միջոցներ է որոնում Օշկվանք պատմական վանքի վերականգնման համար, որը գտնվում է Թուրքիայի արեւելքում` Էրզրումում:



Վանքը վերականգնելու Վրաստանի մտադրության մասին ավելի վաղ հրապարակված հաղորդագրության մեջ, PanARMENIAN.Net ը վրիպում է թույլ տվել` հղում անելով Հայկ Դեմոյանի խոսքերին: Մասնավորապես, հաղորդագրությունն այն մասին, որ «Արեւմտյան Հայաստանի տարածքում, առավել եւս այդ շրջանում վրացական եկեղեցիներ չեն եղել, Օշկվանք եկեղեցին պատկանում է հայ-քաղկեդոնացիներին: Տաճարի վրա խաչ է եղել, որն որոշակիորեն տարբերվում էր առաքելականից, հետագայում այն ընդհանրապես փոխարինվեց ուղղափառով: Զարդամոտիվներից մեկի վրա հին վրացերեն արձանագրություն կա, ինչը Վրաստանին հիմքեր է տալիս տաճարը վրացական համարելու համար»,, չի համապատասխանում իրականությանը:



«Տարածաշրջանը, որը վրաց պատմագրության մեջ հայտնի է Տաո-Կլարեջի անվանումով, եւ Մեծ Հայքի Տայք նահանգը հայտնի են բազում պատմական հուշարձաններով, որոնց թվում է նաեւ հայտնի Օշկվանքը: Այդ տարածաշրջանը հնուց ի վեր հայերով է բնակեցված եղել: Լինելով սահմանամերձ Բյուզանդիայի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, բյուզանդացիների ազդեցությամբ տեղի հայերը ուղղափառություն ընդունեցին: Այդ գործընթացը շարունակվեց վրաց թագավորության հզորացման շրջանում, որի հետեւանքով վաղ միջնադարի վիմագիր հայկական գրերը փոխարինվեցին կամ զուգահեռաբար ուղեկցվեցին հայ-քաղկեդոնականների վրացական գրերով»,-հայտարարել է Հայկ Դեմոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---