23 հոկտեմբերի 2018 - 13:45 AMT
Հոգևորականները վերապատրաստվել են աղետների արագ արձագանքման համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի հոգևորականները վերապատրաստվել են աղետների արագ արձագանքման համար:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը գործընկերների կարողությունների զարգացում ծրագրի շրջանակում Հայ առաքելական եկեղեցու թեմերի հոգևորականների, սոցիալական կենտրոնների աշխատակիցների, «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT) հայաստանյան ֆորումի և ՀԿՍ-ի անդամների համար իրականացրել է վերապատրաստման դասընթաց՝ «Նախապատրաստվածություն և արագ արձագանքում աղետներին» թեմայով:

ՀԿՍ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացին մասնակցել է 26 հոգևորական Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից:

Դեռևս 2010-ին ստեղծված հոգևորականների ցանցը պարբերաբար վերապատրաստվում է և աջակցում է հիմնադրամին՝ արագ և օպերատիվ գործելու արտակարգ իրավիճակներում ինչպես արագ արձագանքման, այնպես էլ զարգացման փուլերում: Նրանք կիրառում են ստացած սոցիալ-հոգեբանական աջակցության հմտություններն արձագանքման գործողություններում, առաջնորդվում են միջազգային ստանդարտներով և կանոնակարգերով:

Հաշվի առնելով սոցիալ-հոգեբանական աջակցության հայեցակարգը՝ դասախոսներն անդրադարձան հոգևորականների դերին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման գործում:

Ուսումնասիրվել են նրանց փոխհամագործակցությունը տուժած բնակչության հետ ծանր դեպքերում, զոհերին աջակցելու, մարդասիրական և հոգևոր խնամք կազմակերպելու, համապատասխան մարմինների հետ հաղորդակցվելու և ահազանգ կազմակերպելու, բնակչության տեղահանման աշխատանքային խմբեր ստեղծելու, տարհանման ծրագրեր մշակելու, ռիսկերը գնահատելու և այլ թեմատիկ հարցեր:

Դասընթացավարները շահագրգիռ կողմերի հետ սեմինարն իրականացրել են՝ ամբողջ ընթացքում հարցերի և պատասխանների,գործնական խնդիրների, աշխատանքների և թեմատիկ վերլուծությունների միջոցով: Ժամանակ հատկացվել է նաև քահանաների պրակտիկայում հատկապեսդժվար գործերի քննարկման համար:

2011-ից սկսած՝ հոգևորականներն օգնում են ՀԿՍ-ին արտակարգ իրավիճակներում կապ հաստատելու և կարիքների գնահատման առաջնային տեղեկատվություն ուղարկելու գործում, իսկ հետագայում աջակցում են հումանիտար օգնության կազմակերպման և բաշխման, ցուցակները և հաշվետվությունները կազմելու աշխատանքներում:

Դասընթացները կլինեն շարունակական՝ հիմնված հոգևորականների առաջարկների վրա և ըստ անհրաժեշտության:

ՀԿՍ-ի գործընկերները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների և աշխատանքային հանդիպումների, պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել իրենց գործընկերներին և շահառուներին:2011 թ. իրականացվել է «Աջակցություն Տավուշի մարզում սողանքիզոհերին» ծրագիրը: 2012-2018 թթ., Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվել են հումանիտար և զարգացման ծրագրեր:

2014 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիայի հակամարտության արդյունքում տեղահանված քեսաբահայ բնակիչներին: 2016 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Արցախում ապրիլյան պատերազմի արդյունքում տեղահանված բնակիչներին: