23 հոկտեմբերի 2018 - 15:33 AMT
ՀՀ-ն և Բուլղարիան կրթության ոլորտում ամեն տարի փոխադարձ 4-ական կրթաթոշակ կտրամադրեն

Հայաստանը և Բուլղարիան կհամագործակցեն կրթության ոլորտում: Հոկտեմբերի 23-ին Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է «ՀՀ և ԲՀ կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին ծրագիրը»։

Երկու երկրների կառավարությունների կողմից փաստաթուղթը ստորագրել են ԲՀ կրթության և գիտության նախարար Կրասիմիր Վըլչևը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ի թիվս այլ միջոցառումների՝ Ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր տարի 4-ական կրթաթոշակի փոխադարձ տրամադրում՝ Հայաստանի և Բուլղարիայի բուհերում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար, ինչպես նաև գիտնականների, դասախոսների և մասնագետների փոխանակումներ:

Նախարար Վըլչևի և դեսպան Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Ծրագրի շրջանակներում և, առհասարակ, կրթության և գիտության ոլորտում համագործակցության խթանման, բարձրաստիճան և փորձագետների մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաև առկա իրավապայմանագրային դաշտի արդիականացման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: --