6 հունիսի 2008 - 20:02 AMT
Սարգսյանն ու Ալիեւը պայմանավորվել են շարունակել բանակցությունները Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա
Այսօր Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հիմնական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ դրանք շարունակել համանախագահների` անցած տարվա վերջին Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից միջնորդների ակնկալիքների մասին Մեթյու Բրայզան ասաց. - «Ակնկալիքները կատարվեցին: Ես նկատի ունեմ, որ մենք սպասում էինք, որ հանդիպումը ճանաչողական կլինի` այդպիսին եղավ: Տրամադրությունները դրական են, կառուցողական: Նախագահները հենց նոր մեզ ասացին, որ որոշել են շարունակել բանակցային գործընթացը` շարունակել Մինսկի խմբի շրջանակներում եւ մեր կողմից Մադրիդում ներկայացված առաջարկությունների շրջանակներում»: Ամերիկացի համանախագահի փոխանցմամբ` միջնորդների առաջարկությունների վերաբերյալ երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց դիտարկումները:

«Մենք լսել ենք երկու կողմերի ցանկությունները, որովհետեւ գիտենք, որ Մադրիդում արված մեր առաջարկությունները միայն առաջարկություններ էին, դա չի նշանակում, թե կողմերը լիովին համաձայն էին դրանց», - ասաց Բրայզան: - «Պետք է բարելավել այդ առաջարկությունները, միջնորդները պատրաստ են շարունակել աշխատանքը եւ, կարծում եմ, նախագահները նույնպես»: Մեթյու Բրայզան ասաց, որ համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել այս ամսվա վերջին, իսկ նախագահների հաջորդ հանդիպման համար որոշված ժամկետ չկա. դա կախված կլինի արտգործնախարարների հանդիպումների արդյունքից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: