«Կոմերսանտ». Կարեն Կարապետյանը կարող է «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ դառնալ

«Կոմերսանտ». Կարեն Կարապետյանը կարող է «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ դառնալ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է դառնալ ռուսական «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: Ինչպես գրում է «Կոմերսանտը», այդ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ՝ 2000-2010թթ. ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի տևական կարիերայի արդյունք:

ՌԴ-ն նախկինում էլ է արտերկրից լոյալ քաղաքական գործիչների հրավիրել՝ այդպես, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ է:

Ըստ պարբերականի աղբյուրների, Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Հրայր Սիմոնյանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը:

«Զառուբեժնեֆտում» և «Ռոսիմուշչեստվոյում» չեն պատասխանել թերթի հարցմանը:

«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը նշել է, որ Կարապետյանին լավ են ճանաչում ՌԴ գործարար շրջանակներում և նա կարող էր նման առաջարկ ստանալ: Աղբյուրը որպես Կարապետյանի մտերիմ ընկերներ է նշել ռուսաստանաբնակ գործարարներ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին: Կարեն Կարապետյանի նախկին մամուլի քարտուղար Արամ Արարատյանը թերթին ասել է, որ ոչինչ չգիտի հավանական նշանակման մասին՝ նշելով, որ այլևս իրավասու չէ մեկնաբանելու Կարապետյանին առնչվող տեղեկությունները:

Կարեն Կարապետյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը 2016-ի սեպտեմբերին և հեռացավ կառավարությունից 2018-ի գարնանը՝ թավշյա հեղափոխությունից հետո: Հունիսին Կարապետյանը հեռացավ նաև ՀՀԿ շարքերից: Մայիսյան իրադարձություններից հետո նա հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել:

Հեռանալով պաշտոնից՝ Կարապետյանը նոր վարչապետին մաղթել էր անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---