Գարեգին Բ-ն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում

Գարեգին Բ-ն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ: Հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը: Արծարծվել են Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Հայրապետական այցով Իտալիայում գտնվող կաթողիկոսին ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---