Ռիոյի այրված թանգարանի ավերակներում արժեքավոր նմուշ են գտել

Ռիոյի այրված թանգարանի ավերակներում արժեքավոր նմուշ են գտել

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Բրազիլիայի ազգային թանգարանի այրված ավերակներում գիտնականներին հաջողվել է գտնել հավաքածուի ամենաարժեքավոր նմուշներից մեկը: Դա Լուզիայի գանգն է, որն Ամերիկայում հայտնաբերված մարդու հնագույն մասունքն է:

Լուզիայի գանգը 11 հազար տարվա պատմություն ունի: Երիտասարդ կնոջ մասնակիորեն պահպանված կմախքը բրազիլացի հնագետները հայտնաբերել էին 1975-ին:

Անվտանգության նկատառումներով Լուզիայի գանգն ու ազդրոսկրի մի մասը պահվում էին առաջին հարկում, 3-րդ հարկում գտնվող մարդաբանական հավաքածուից առանձին:

Ինչպես ասել է թանգարանի փոխտնօրեն Քրիստինա Սեռեժուն, ոսկրերը պահպանվել են միայն երջանիկ պատահականությամբ: Ապակյա քեյսի վրա, որտեղ պահվում էր ցուցանմուշը, մետաղյա արկղ էր ընկել՝ պաշտպանելով կրակից, գրում է BBC-ին:

Գանգի ոսկորներն անջատվել են, քանի որ հալվել է դրանք ամրացնող սոսինձը, սակայն այն կարելի է նորից վերականգնել բեկորներից:

Ավելի վաղ հաջողվել էր գտնել ևս մեկ արժեքավոր նմուշ՝ 4,5 մլրդ տարեկան Անգրա դուս Ռեյս հսկայական երկնաքարը: Այս գտածոները հույս են տալիս գիտնականներին, որ հրդեհի ժամանակ, գուցե, այլ նմուշներ էլ են պահպանվել: Լիարժեք որոնումները հնարավոր կլինի սկսել միայն 2019-ին, երբ հրդեհից մեծապես տուժած շենքը բավականաչափ կամրացվի, որպեսզի հնարավոր լինի այնտեղ անվտանգ աշխատել:

Բրազիլիայի նախկին թագավորական պալատը, որն ավելի ուշ՝ 200 տարի առաջ, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI կողմից վերածվել էր Բրազիլիայի ազգային թանգարանի, այրվել էր սեպտեմբերի լույս 3-ի գիշերն: Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում մոտ 20 մլն նմուշ կար, այդ թվում անտրոպոլոգիայի, հնագիտության, ազգագրության, երկրաբանության ոլորտներից: Ներկայացված էր նաև Հին Եգիպտոսի ցուցադրությունը՝ մումիաներով և սարկոֆագներով, որը կայսր Պեդրու Առաջինի հավաքածուն էր, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն, ինկերի մշակույթը և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---