Չինացիները հետաքրքված են ՀՀ ՏՏ, գյուղ և հանքարդյունաբերական ոլորտներով

Չինացիները հետաքրքված են ՀՀ ՏՏ, գյուղ և հանքարդյունաբերական ոլորտներով

PanARMENIAN.Net - Չինացի գործարարները ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում և մասնավորապես հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտներով։ Այդ մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը հայտնել են Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի Ծիանգսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորած պատվիրակության անդամները։

Հանդիպման ընթացքում ներդրողների հետ քննարկվել են նաև դեպի Չինաստան հայկական ոգելից և հանքային խմիչքների արտահանման հնարավորությունները։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներին և քննարկումներին կհետևեն շոշափելի արդյունքներ:

Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կաջակցի ներդրումային նախաձեռնություններին անհրաժեշտ բոլոր փուլերում։ Չինացի գործարարների առաջարկով Տիգրան Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում հանքարդյունաբերության ներուժը և հնարավորությունները։

Նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով գործարարներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր։

Հոկտեմբերի 18-ին, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգ ան Չուն ստորագրել են գործակցության հուշագիր, որի շրջանակում առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ նռան գինի:

Չինական շուկային հայկական գինեգործությունը առաջին անգամ ներկայացել է 2017 թվականին, երբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել են ProWine China 2017 ցուցահանդեսին, որի արդյունքում կնքվել են արտահանման մի շարք պայմանագրեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---