Թորոսյան. Վանեսյանն ազատվել է հոգեբուժարանի տնօրենի պաշտոնից ՄԻՊ աշխատանքը խոչընդոտելու համար

Թորոսյան. Վանեսյանն ազատվել է հոգեբուժարանի տնօրենի պաշտոնից ՄԻՊ աշխատանքը խոչընդոտելու համար

PanARMENIAN.Net - «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն տնօրեն Նարեկ Վանեսյանը պաշտոնից կազատվի Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՄԻՊ աշխատանքը խոչընդոտելու համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ դա կապ չունի օրերս Երևանի Պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի հետ՝ հավելելով, որ տեղյակ է, թե օրերս ինչ է տեղի ունեցել բժշկական համալսարանում, որտեղ Նարեկ Վանեսյանը իրեն ոչ պատշաճ է դրսևորել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հոկտեմբերի 26-ին, օմբուդսմենի գրասենյակի պնդմամբ, Նարեկ Վանեսյանն անօրինական վարքագիծ է ցուցաբերել։

«Ես դեպքի մանրամասներին ծանոթացել եմ, հակասական կարծիքներ կան, բայց ամեն դեպքում ինչ-որ խոչընդոտում իմ կարծիքով եղել է, որ անթույլատրելի է, և ես համարում եմ, որ նման դեպքերը պետք է բացառվեն», - ասել է Արսեն Թորոսյանը։

Քննադատություններին, որ Նարեկ Վանեսյանն իր ընկերը լինելով է դարձել Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն, Թորոսյանը հակադարձել է՝ ինքը որպես ոլորտի ղեկավար ընկերներ չունի։ Վանեսյանի հետ ծանոթ է 2016-ից, և հաստատության ղեկավար նա ընտրվել է մրցույթով՝ ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականից հետո, վստահեցրել է նախարարի պաշտոնակատարը:

Իսկ ինչ վերաբերում է Բժշկական համալսարանում տեղի ունեցածին, ապա, առողջապահության նախարարի պաշտոնակատարի խոսքով, «դա ընդամենը ճանճը փիղ սարքելու մի լավ օպերացիա էր»։

Միջադեպը տեղի էր ունեցել անցած շաբաթ։ Մագիստրոսական դիպլոմների հանձնումը համընկել էր բուհ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների այցին, որի ընթացքում էլ, ըստ համալսարանի մի խումբ ուսանողների, դասախոսների ու պրոֆեսորների, Նարեկ Վանեսյանը դրսևորել էր «շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք՝ անհարկի տեղից ռեպլիկներ բաց թողնելով, ելույթ ունենալուց հրաժարվելով ու դասախոսներից մեկին հրելով»։

Վանեսյանի վարքագծից վորդովված՝ ուսանողները, դասախոսներն ու պրոֆեսորները բաց նամակ էին գրել վարչապետին։ Սա, սակայն, Արսեն Թորոսյանի բնորոշմամբ, ոչ միայն «ճանճը փիղ դարձնել» էր, այլև սադրանք էր իր դեմ։ Սադրիչն էլ, նրա պնդմամբ, Բժշկականին ղեկավարությունն էր, այդ թվում՝ ռեկտոր, նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

«Ստորագրողների մի մասին կանչել են, ստորագրել են տվել, մի մասը հրաժարվել է, որոշ մարդիկ Հայաստանում չեն եղել ու չեն մինչև հիմա ստորագրողներից, ֆիքսեք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ դա կազմակերպված էր այդ թվում նաև իմ դեմ», - հավելել է Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել էր, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում: Հոկտեմբերի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան և խախտման համապատասխան որոշում կազմել:Հոկտեմբերի 26-ին Պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն, որից հետոՎանեսյանը զանգահարել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին և վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նա պնդել է, թե ՄԻՊ ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնի իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---