Տոնոյան. Հուսով ենք՝ Երևան-Բաքու օպերատիվ կապը Նախիջևանի օրինակով մյուս ուղղություններով ևս կհաստատվի

Տոնոյան. Հուսով ենք՝ Երևան-Բաքու օպերատիվ կապը  Նախիջևանի օրինակով մյուս ուղղություններով ևս կհաստատվի

PanARMENIAN.Net - Հայկական կողմը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն, որպեսզի Երևան-Բաքուօպերատիվ կապը Նախիջևանի օրինակով մյուս ուղղություններով ևս հաստատվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ հանդիպմանը:

ՄԽ համանախագահները Հայաստանում են հերթական տարածաշրջանային այցով: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Զրուցակիցների խնդրանքով Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է սեպտեմբերին Դուշանբեում օպերատիվ կապի գործարկման վերաբերյալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն կողմերի միջև նախիջևանյան ուղղությամբ գործող կապի օրինակով օպերացիոն մյուս ուղղություններով ևս նմանատիպ կապի հաստատման ու գործարկման ուղղությամբ:

Շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում բոլոր շարժերը՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ ստեղծված պայմաններում անկյունաքարային նշանակություն ունի կողմերի միջև զինադադարի անվերապահ պահպանումը, միջադեպերի կանխարգելման և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ:«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևն իր հերթին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է ոչ թե պետությունների ղեկավարների, արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարների, այլ ավելի ցածր մակարդակում և օգտագործվում է օպերատիվ դեպքերում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---