Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի

Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Եթե նոյեմբերի 1-ին ԱԺ-ն ընդունի համաներման օրինագիծը, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի բանտից։ Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում:

Շահեն Հարությունյանը տեղեկցրել է, որ համաներման օրինագծում մի տող է ավելացվել, որտեղ ասվում է, որ եթե համաներումը տարածվում է դատապարտյալի վրա, ապա կալանավորը ուզի թե չուզի ազատ է արձակվում բանտից: Նա հավելել է, որ այս դեպքում արդեն կալանավորի համաձայնությունը և ստորագրությունն անհրաժեշտ չեն։

Շահեն Հարությունյանը նաև որոշ նկատառումներ է ներկայացրել հարցի վերաբերյալ: «Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.ին՝առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։ Արդեն կես տարի է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Ու այդ ժամանակից սկսած ժողովրդի և հեռուստատեսության միջոցով կեղծ լուրեր են տարածվում, իբր թե Շանթ Հարությունյանը մարտի 1֊ի գործով ընդունել է համաներում։ Սա հեյրուրանք է Շանթ Հարությունյանի արդարացի պահանջի և պայքարի նկատմամբ։

Շանթ Հարությունյանը հրաժարվեց լոկ ազատությունից՝ հանուն բարձրագույն իդեալի՝ արդարության»,-ասվում է գրառման մեջ:

Շահեն Հարությունյանը հավելել է նաև, որ բազմաթիվ անգամներ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի պահանջը ճիշտ է և արդարացի, սակայն նա ազատ կարձակվի այլ տարբերակներով։ «Վերջերս էլ կատակում էր ԱԺ֊ում, թե Շանթին սպեցնազով կհանեն բանտից ու դռները կփակեն, որ հետ չվերադառնա։Եվ արդյունքում տեղի ունեցավ հետևյալը։ Համաներման օրինագծում ավելացվեց վերոնշյալ տողը...Ստացվում է, որ եթե նոյեմբերի 1֊ին ընդունվի համաներման օրինագիծը, Շանթ Հարությունյանը մի քանի օրերի ընթացքում ազատ կարձակվի բանտից»,-ասվում է գրառման մեջ։

Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո: Նա 2014-ին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---