«Զվարթնոցն» Ազնավուրի պատվին վերանվանելուն մշնախը դեմ էր, բայց քննարկում կկազմակերպի

«Զվարթնոցն» Ազնավուրի պատվին վերանվանելուն մշնախը դեմ էր, բայց քննարկում կկազմակերպի

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ: Այդ մասին ասվում է մշակույթի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Բայց, քանի որ նախարարությունը շարունակում է նման առաջարկներ ստանալ, քննարկում կկազմակերպի:

«Սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Այդ հարցի շուրջ կարծիք հայտնելու ցանկություն ունեցողները կարող են մինչև նոյեմբերի 5-ը լրացնել համապատասխան հայտաձևը:Ինչպես նշվում է մշակույթի նախարարության կայքում, կարելի է հայտաձևի միջոցով նախապես կարծիքն ուղարկել նախարարություն՝ լրացնելով «տալ կարծիք» դաշտը: Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին կհայտարարվի լրացուցիչ դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

Լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---