Պատրիկ Ուիլսոն Գոռ. Ղարաբաղը միացվեց Ադրբեջանին, քանի որ Ստալինը վախենում էր հայերից

PanARMENIAN.Net - Չկա ոչ մի ապացույց, որ Լեռնային Ղարաբաղի հայերը Խոջալուում մեսխեթցի թուրքերի ցեղասպանություն են գործել, հայտարարել է կանադացի ռազմական պատմաբան Պատրիկ Ուիլսոն Գոռը Հարավային Կովկասի ռազմական հակամարտությունների մասին «Սա մի խեղճ երիտասարդի գանգ է. հետխորհրդային ռազմական գործողություններ Հարավային Կովկասում» իր գրքի շնորհանդեսի ժամանակ: Ինչպես Pan.ARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, միջոցառման ժամանակ Գոռը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանին, քանի որ Ստալինը «վախենում էր» հայերից, եւ նրա ու թուրք դիկտատոր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի միջեւ գաղտնի համաձայնության արդյունքում:



Ըստ պատմաբանի, 70 տարի շարունակ ադրբեջանական իշխանությունները վարվել են Արցախի հայերի հետ ինչպես երկրորդ կարգի քաղաքացիների հետ եւ այդ վերաբերմունքը կարելի է դիտարկել որպես էթնիկ զտումների դասական օրինակ: Ըստ Պատրիկ Ուիլսոն Գոռի, Բաքվում եւ Սումգաիթում հայերի կոտորածից հետո հայերը ստիպված էին պայքարել իրենց կյանքի, իրենց ընտանիքների համար: Խոջալուի իրադարձությունների կապակցությամբ կանադացի փորձագետը նշել է, որ ադրբեջանական զորքերը քաղաքացիական բնակչությունից շուտ էին լքել Խոջալուն, ընդ որում խաղաղ բնակիչներին օգտագործում էին որպես վահան: Ինչպես հայտարարել է Գոռը, դեպի Աղդամ ադրբեջանցիների նահանջից առաջ, Խոջալուի բնակիչները ոչնչացվեցին ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից, որը նրանց հայ զինվորների տեղ էր դրել:



Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքներին, ապա Պատրիկ Ուիլսոն Գոռը նշել է, որ աշխարհը հաշվի է առնում ինչպես հայկական, այնպես էլ` ադրբեջանական կողմի շահերը: «Բաքվի համարձակությունը բացատրվում է նավթի հարուստ ռեսուրսներով, սակայն Ալիեւի կառավարությունը պետք է հասկանա, որ նավթամուղերն ու գազամուղերը, ուր բավականին մեծ ֆինանսական միջոցներ են ներդրված, անցնում է Լեռնային Ղարաբաղից 30 կմ հեռավորության վրա եւ պատերազմի դեպքում ադրբեջանցիները կարող են զրկվել գազա- եւ նավթամուղներից եւ, հետեւաբար, ֆինանսական աղբյուրներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---