ՀՀ նախագահ. Լուկաշենկոյի հետ քննարկել ենք Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

ՀՀ նախագահ. Լուկաշենկոյի հետ քննարկել ենք Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու Միսնկի որոշումը: Այդ մասին ՀՀ նախագահը հայտնել է լրագրողներին Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի նիստից հետո:

Սակայն Սարգսյանը չի մանրամասնել, թե հատկապես ինչ է խոսվել այդ թեմայով: «Այս կամ այն երկրին զենք վաճառելու Բելառուսի որոշումը եկեք մի կողմ թողնենք՝ մենք ունեցել ենք շատ բարյացակամ, կոնֆիդենցիալ խոսակցություն: Մենք քննարկել ենք ամեն ինչ և նաև այն փաստը, որ Բելառուսը կայունության գործոն է տարածաշրջանում»,-ասել է նախագահը, հայտնում է news.21.by-ը:

Սարգսյանը նշել է, որ բազում հարցեր են քննարկվել, որոնք առնչություն ունեն ՀՀ և Բելառուսի հարաբերություններին՝ տնտեսական խնդիրները, որ կանգնած են երկրների առջև, համագործակցության զարգացումը թվային տեխնոլոգիաների, կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներում:

Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:«Մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---