11 հունիսի 2008 - 15:13 AMT
Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ այսօր Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հասնելու լուրջ շանս կա
«Ես հիմնականում հոռետեսորեն եմ տրամադրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում>,-Երեւան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն: Նրա կարծիքով, «Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը բանակցային գործընթացի իմիտացիա է»:

«Սակայն ադրբեջանական կողմը գտնում է, որ հարկավոր է օգտագործել ամենանվազագույն շանսը խնդրի խաղաղ կարգավորման համար: Ադրբեջանը կշարունակի բանակցությունները, սակայն մենք լուրջ մտավախություն ունենք, որ Հայաստանը դա չի ցանկանում: Կան նաեւ խնդիրը ԱՊՀ շրջանակներում կարգավորելու Ռուսաստանի փորձերը »,-նշել է Մոլազադեն: Նա կրկին ասել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակներում: «Մենք չէինք ցանկանա, որ Ադրբեջանի տնտեսական աճն ուղղված լիներ սպառազինությունների մրցավազքին, մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը դառնա համագործակցության տարածաշրջան»,-ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը` հավելելով, որ այսօր Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հասնելու լուրջ շանս կա: