
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա ներողություն է խնդրել, որ «Լույս» դաշինքն այլևս չկա։
«Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա: «Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով», - գրել է Սարգսյանը:
«Լույս» դաշինքը ստեղծվել էր սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, այն կազմված էր «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, դրանք միասին եղել են նաև ԵԼՔ դաշինքի կազմում, որը նույնպես կազմալուծվել է: Այս դաշիքնի մաս էր կազմում նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ միայնակ է մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։