
Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված Շառլ Ազնավուրի անվան դասարանը։ Ծրագիրն իրականացվել է Ֆրանս-հայկական զարգացման և Ստեփան Գիշյանբարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։
Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը 2018-ին Ստեփան Գիշյան հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչված հինգ կազմակերպություններից մեկն է։
«Աշակերտներն այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամ ֆրանսերեն կսովորեն, իսկ ովքեր կցանկանան ավելի խորացնել իրենց գիտելիքները, կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Փորձել ենք ֆրանսերեն լեզվի ուսուցման համար լավագույն պայմանները ստեղծել՝ դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, Ֆրանսիայից գրականություն է բերվել։ Համոզված եմ, որ այստեղ երեխաներն էլ ավելի մեծ հաճույքով են սովորելու»,-նշել է Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Ֆրանս-հայկական հիմնադրամը ֆրանկոֆոն տարբեր ծրագրեր է իրականացնում։ Շատ ուրախ եմ այսպիսի դասասենյակ բացելու կապակցությամբ, այն կնպաստի երեխաների ֆրանսերենի իմացության բարելավմանը»,- նշել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: