Նախարարի պաշտոնակատար. Ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձի բարձրացում այս պահին չի նախատեսվում

Նախարարի պաշտոնակատար. Ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձի բարձրացում այս պահին չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Ուսուցիչների ու գիտնականների գծով աշխատավարձի բարձրացում այս պահին չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Վարչապետը վերջին ելույթում նշեց, որ եկամտահարկի նվազեցման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների ու գիտնականների գծով այս պահին չունենք»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կառուցվածքային օպտիմալացումների ճանապարհին կկարողանան բարձրացում ապահովել:

Ավելի վաղ ԱԺ-ում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցում պահանջվածից 10,800-ով ավելի շատ մարդ է աշխատում: Նա նշել է, որ պետության կողմից սահմանված հաստիքացուցակով նախատեսված է 48,795 հաստիք:«Սա է պատճառներից մեկը, որ մեր բոլոր ուսուցիչները նույնիսկ չեն ստանում այնքան աշխատավարձ, որքան նախատեսված է բյուջեով, ավելի ցածր են ստանում», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ոչ օպտիմալ համակարգի պայմաններում հնարավոր չէ արագ լուծում տալ ուսուցիչների աշխատավարձի խնդրին:

Ըստ Փաշինյանի, վիճակն անհասկանալի է նաև գիտության ոլորտում. կա 4500 գիտնական, բայց պարզ չէ, թե ինչ պատվեր է տալիս նրանց պետությունը, և նրանք ինչպես են կատարում այդ պատվերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---