6 նոյեմբերի 2018 - 17:47 AMT
Դեպի Վերին Լարս ճանապարհը 2 օր պարբերաբար փակ կլինի

Դեպի ռուս-վրացական սահմանին գտնվող Կազբեգի-Վերին Լարս հսկիչ անցակետ տանող ճանապարհը 2 օր պարբերաբար փակ կլինի ցերեկային ժամերին: Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում հաղորդագրություն է հրապարակվել այդ մասին:

Մասնավորապես, արգելքը գործելու Է նոյեմբերի 7-ին և 8-ին՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրում: Արգելքը կապված է նրա հետ, որ աշխատանքներ են տարվելու վերացնելու համար ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերը, որոնք կարող են քարաթափում առաջացնել:

«Ուստի նոյեմբերի 7-ին և 8-ին ժամը 10:00-17:00-ն անհրաժեշտ Է պարբերաբար մեկժամյա ընդմիջումով փակել ավտոմեքենաների երթևեկությունը ճանապարհի վերոնշյալ հատվածում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: