Փոխնախարար. Ոչ Հայաստանում, ոչ Արցախում ռազմագերիներ չկան

Փոխնախարար. Ոչ Հայաստանում, ոչ Արցախում ռազմագերիներ չկան

PanARMENIAN.Net - Ոչ Հայաստանում, ոչ Արցախում ռազմագերիներ չկան: Այդ մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի պնդումներին:

Փոխնախարարի կարծիքով, ադրբեջանական կողմի հայտարարություններն ուղղված են ներքին, ինչ-որ չափով նաև արտաքին շահառուներին, դրանք որևէ հիմնավորում չունեն, հայտնում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է գերիների փոխանակման մասին ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններին, ապա պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն այն սուտ է որակել:

«Մինչ իմ՝ պաշտպանության նախարարությունից դուրս գալու պահը՝ ժամը 10։25 նման առաջարկ պաշտպանության նախարարությունը չի ստացել։ Սովորաբար, իրավակիրառ պրակտիկայում նման առաջարկները մեզ գալիս են հիմնականում Կարմիր Խաչի խողովականերով։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը, հաշվի առնելով փաստը, որ Հայաստանում ռազմագերիներ չկան։ Ոչ Հայաստանում, ոչ Արցախի Հանրապետությունում ոչ մի ռազմագերի գոյություն չունի։ Մենք բավականին բաց ենք աշխատում»,-ասել է Բալայանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ֆեսյբուքյան իր էջում անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀՀ-ի հետ ռազմագերիների փոխանակման առաջարկին, գրել է, որ եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ նրանց փոխանակել:

Ավելի վաղ «Ինտերֆաքս Ադրբեջանը» գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։

Ներկայում Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, ով ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---