14 հունիսի 2008 - 15:43 AMT
Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ
Ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի, ստեղծվելու է: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, խորհուրդը ստեղծվել է` ելնելով Հայաստանում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունից: Հանրային խորհուրդը սահմանադրական մարմնի կարգավիճակ ունի:

Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է հանձնաժողով, որին հանձնարարվել է եռամսյա ժամկետում` ձեւավորել աշխատանքային խմբեր ընդդիմության եւ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբշ` ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացին: Հանձնաժողովին հանձնարարվել է նաեւ, հաշվի առնելով առկա մոտեցումները` ՀՀ նախագահին առաջարկություններ ներկայացնել Հանրային խորհրդի կազմի եւ կանոնադրության վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանին եւ Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Սեւակ Լալայանին հանձնարարվել է ապահովել հանձնախմբի բնականոն գործունեությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 13 հասարակական եւ քաղաքական գործիչներ: Հանձնախմբիի կազմում ընդգրկվել են. Ռոբերտ Ամիրխանյանը` Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Մեսրոպ քահանա Արամյանը` «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի նախագահ, Էմիլ Գաբրիելյանը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Վիկտոր Դալլաքյանը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հովհաննես Զանազանյանը` «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, Պերճ Զեյթունցյանը` Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, Սերգեյ Համբարձումյանը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Խոսրով Հարությունյանը` Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ, Թովմաս Պողոսյանը` «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, Արշակ Սադոյանը` «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Յուրի Սարգսյանը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Սոս Սարգսյանը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Շավարշ Քոչարյանը` Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության նախագահ: Հայաստանի Հասարակական խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարեւորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը, Խորհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ: