14 հունիսի 2008 - 16:20 AMT
Ադրբեջանը պետք է շտապի Կասպից ծովում ռազմական ներուժի ամրապնդման հարցում
Ադրբեջանը պետք է շտապի Կասպից ծովում ռազմական ներուժի ամրապնդման հարցում իր անվտանգությունն ապահովելու համար, գտնում են ադրբեջանցի փորձագետները: Արտաքին աջակցությամբ Ադրբեջանը մյուս կասպից երկրների` Ղազախստանի եւ Տաջիկստանի հետ, կարող է ուժեղացնել իր ռազմական հզորությունը Կասպից ծովում, գտնում է անկախ ռազմական փորձագետ Ալեկպեր Մամեդովը: Կասպիոց ծովում ռազմական հզորության մեծացումը պետք է դառնա Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը, որը որպես գերակայություն ընտրել է ինտեգրումը Արեւմուտք եւ ՆԱՏՕ, ասել է նա: «Ադրբեջանը Կասպիցում հարուստ էներգապաշարներ ունի եւ դրանց անվտանգությունն ապահովելու համար երկրին անհրաժեշտ է հզոր ռազմական նավատորմ ունենալ»,- գտնում է Մամեդովը:

Ադրբեջանն ունի ամենահզոր ռազմա-ծովային ուժերից մեկը Կասպից ծովում նախկին խորհրդային հանրապետությունների շարքում: Այդ ուժերի ամրապնդման եւ զարգացման համար անհրաժեշտ է համագործակցել ՆԱՏՕ-ի եւ Դաշինիք առանձին անդամների հետ, գտնում է անկախ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: «ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին մատուցվող օգնությունը ռազմա-ծովային ուժերի հզորացման գործում մեծ աջակցություն է երկրի համար: Ադրբեջանը չպետք է կանգ առնի, այլ պետք է ընդլայնի այդ համագործակցությունը` չվախենալով Ռուսաստանի եւ Իրանի վերաբերմունքից, ովքեր դեմ են Կասպիցի ռազմականացմանը»,- ասել է Ջաֆարովը: Ադրբեջանը կարող է այդ հարցում օգտագործել Ղազախստանի օգնությունը: Միացյալ Նահանգները պատրաստ են մասնակցել ռազմանավերի եւ ենթակառուցվածքների կառուցման գործում ղազախական նավատորմի համար, օրերս հայտարարել է ԱՄՆ ՌԾՈՒ Կենտրոնական հրամանատարության հրամանատար Քեւին Կոսգրիֆը, հաղորդում է Թրենդ ադրբեջանական գործակալությունը: