16 հունիսի 2008 - 15:32 AMT
Թուրքիայի քաղաքացիների 70 տոկոսն որպես թշնամի է ընկալում ԱՄՆ-ին
Միջազգային Pew հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Թուրքիայի քաղաքացիների 70 տոկոսն որպես «թշնամի» է ընկալում ԱՄՆ-ն: Չնայած Քրդական աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի գրոհայինների դեմ Թուրքիայի հետ համագործակցությանը, ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ թուրքերի վստահությունը շահել:

ԱՄՆ-ի հանդեպ դրական տրամադրված թուրքերի քանակն ընդամենը 12 տոկոս է, ինչը լոկ 3 տոկոսով է ավելի, քան անցյալ տարի: Ջորջ Բուշի իմիջն ավելի վատն է` թուրքերի միայն 2 տոկոսն է համակրում ամերիկացի նախագահին: Թուրքերը հակված չեն վստահել ԱՄՆ նախագահության թեկնածուներին, որի ընտրությունները տեղի կունենան աշնանը: Թուրքերի 20 տոկոսը գերադասում է ժողովրդավարների թեկնածու Բարակ Օբամային, եւ միայն 5 տոկոսը` հանրապետական Ջոն Մըքքեյնին:

Միջազգային ասպարեզի մյուս ազդեցիկ պետությունների առաջնորդների ժողովրդականությունը եւս մեծ չէ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թուրքերի միայն 6 տոկոսի համակրանքն է վայելում: Թուրքերի մեծ մասը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է Թուրքիայի համար: Միայն թուրքերի 21 տոկոսն է գոհ երկրի տնտեսության վիճակից: Անցյալ տարի նրանց թիվը հասնում էր 46 տոկոսի: Թուրքերի 55 տոկոսը համոզված է, որ երկրի տնտեսական մակարդակն անկում է ապրելու, գրում է Turtsia.ru-ն: