16 հունիսի 2008 - 16:28 AMT
Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքը ժամանակավորապես հեռացել է գործերից
Վերջերս տարած վիրահատությունից հետո Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը ժամանակավորապես չի կատարի իր պարտականությունները: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ստամբուլի հայ համայնքում, պատրիարքը արձակուրդ է գնացել 6 ամսով առողջական վիճակի պատճառով: «Այդ ընթացքում արքեպիսկոպոս Մութաֆյանի պարտականությունները կկատարի Հոգեւոր խորհուրդը ի դեմս արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանի եւ Շահան Այվազյանի: Ժամկետը սպառվելուց հետո հայտնի կդառնա` կվերադառնա պատրիարքը իր պարտականություններին թե ոչ»,-ասել են համայնքում:

Վերջերս Մեսրոբ Մութաֆյանը վահանաձեւ գեղձի վիրահատություն է տարել: 52-ամյա արքեպիսկոպոսը գլխավորում է Կոնստանդինոպոլսի պատրիարքարանը 1998 թվականից ի վեր: Եթե արքեպիսկոպոսը անգործունակ դառնա, ապա ըստ Թուրքիայի Սահմանադրության, համայնքը պետք է նոր հոգեւոր հովիվ ընտրի, որը պարտադիր պետք է եկեղեցական լինի: Ընտրություններից հետո նոր պատրիարքը հաստատվում է թուրքական կառավարության նիստում, այդպիսով, հանդիսանալով թուրքական պաշտոնյա, ճիշտ է, բարձրակարգ: