«Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը

«Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը: Այդ մասին հայտարարել է կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը:

Նա հավելել է, որ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հայտնում է Panorama.am-ը։

Ասուլիսին ներկա Ստեփան Գրիգորյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին ելույթ ունենալ։«Ես ուզում եմ մի քանի կետով նշել՝ ինչո՞ւ եմ մասնակցում արտահերթ ընտրություններին և ինչո՞ւ հենց «Սասնա ծռերի» հետ։ Առաջին հանգամանքն այն է, որ իրենք ազնիվ են ու հայրենասեր։ Լավ է, որ քաղաքական դաշտը զբաղեցնում են ազնիվ մարդիկ։ Երկրորդ, ինձ համար կարևոր է «Սասնա ծռերի» հուլիսյան այն հայտարարությունը, որ իրենք հրաժարվում են բռնությունից՝ որպես քաղաքական հարցեր լուծելու մեթոդ։ Երրորդ՝ ծրագրային մասը։ Սա միակ ուժն է, որ ունի պատրաստված, լուրջ, 300 էջանոց հայեցակարգ։ Ինձ համար շատ կարոևր է, որ արևմտյան ինստիտուտների հետ պետք է ակտիվ աշխատենք»,-ասել է նա՝ շեշտելով, որ իրենք շատ են կարևորում խորհրդարանում իշխանություններին հակակշռող ուժեղ հակաբևեռ ձևավորելու հարցը։

Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին նշել է, որ իրենք գալիս են որպես հակակշիռ, որպես երկրորդ բևեռ՝ գիտակցելով, որ եթե զսպող ուժ չձևավորվի, իշխող ուժի սխալներն ավելի շատ կլինեն։ «Մենք նաև գալիս ենք արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու»,- ասել է նա։

Անդրադառնալով ազատամարտիկների հետագա գործակցությանը՝ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ նրանց շրջանակում մտորումներ կան՝ օր առաջ ստեղծել միմյանց հետ համագործակցելու համապատասխան ձևաչափ։

«Կոչ եմ անում, հորդորում եմ պատերազմի բոլոր լուրջ մասնակիցներին համախմբվել և օժանդակել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը։ Եթե ոչ մեզ, ապա ո՞ւմ պետք է օժանդակեք, սիրելի մարտական ընկերներ։ Առաջիկայում սպասում ենք ձեզ»,- ասել է ազատամարտիկը՝ հավելելով, որ իրենք մտահոգություն չունեն, որ ՊՊԾ գնդի գրավման միջադեպը կարող է հարվածել իրենց վարկանիշին։

«Այդ էջը փակ է, այն բաց էր, որովհետև կար բռնապետ։ Հիմա բռնապետ չկա, և այդ էջը փակ է»,- փաստել է Սեֆիլյանը։

Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս ՀՀ քաղաքացիություն չունի, հետևաբար չի կարող մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և նրա անունը չի կարող լինել «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում:

Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---