ՀՀ նախագահ. Ցանկալի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմական արժեքների պահպանմանը

ՀՀ նախագահ. Ցանկալի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմական արժեքների պահպանմանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկալի է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ մասին նա ասել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպմանը:

Հանրապետության նախագահը ուշադրություն է հրավիրել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Նախագահը նշել է, որ դրանցից շատերը գտնվում են բավականին անմխիթար վիճակում: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները:

Հանրապետության նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նաև կազմակերպության շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ՀՀ մշակույթն ու արժեքներն այս կառույցում լավագույնս ներկայացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը։ Այդ համատեքստում քննարկվել է նախաձեռնության շրջանակում Երևանի Մատենադարանի հետ համատեղ ծրագրի իրագործումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ու հաջողված փորձը Սիրիայի փախստականների ինտեգրման, այդ թվում կրթության իրավունքի ապահովման հարցում։

Կողմերն ընդգծել են մշակութային և կրթական համատեղ ծրագրերի միջոցով մշակութային բազմազանության, համամարդկային արժեքների և հանդուրժողականության խրախուսման անհրաժեշտությունն ու կարևորությունը:, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---