Լեզգինները, ավարներն ու ցախուրները մեղադրում են Ադրբեջանին էթնիկ զտումներ անցկացնելու մեջ

PanARMENIAN.Net - Լեզգինները, ավարներն ու ցախուրները, որ կոմպակտ բնակվում են իրենց պատմական հայրենիքում` Ադրբեջանի Բելոկանի, Զակատալայի, Կախի, Շեքիի, Կաբալայի, Կուսարիի, Կուբինի, Խաչմասի շրջաններում, հայտարարում են իրենց սպառնացող ֆիզիկական ոչնչացման եւ բռնի տեղահանության մասին: Այդ մասին ասվում է ավարների եւ Ադրբեջանի դաղստանալեզու ժողովրդների հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ:



Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի անկախության հռչակմամբ, լեզգիններն ու ավարները, ինչպես նաեւ ցախուրները, կազմել են բնակչության մեծ մասը իրենց պատմական հայրենիքում: «Հասկանալով դա, ինչպես նաեւ գիտակցելով, որ բնիկ ժողովրդները ակտիվորեն դեմ էին կրկին օտար պետության կազմում հայտնվելուն, Ադրբեջանը պետական անկախության հռչակման ժամանակ հրաժարվեց բնակչության կարծիքը հաշվի առնելուց` հանրաքվեից: Պետության կամայականության դեմ ուղղված մեր մտավորականության ելույթները դաժանորեն ճնշվեցին: Բազմաթիվ ձերբակալություններ, ժողովրդի կողմից ճանաչված առաջնորդների սպանություններ, մարդկանց սոցիալական բարիքներից զրկում, հանրապետության սահմաններից նրանց դուրս մղում` պետական ահաբեկչության այս բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառեց մեր ժողովրդների դեմ: Այդպիսով, մենք փաստում ենք` 20 դարի ընթացքում Ադրբեջանը երկու անգամ զավթեց մեր հայրենիքը եւ յուրացրեց իշխանությունն այնտեղ»,-ասվում է դիմումի մեջ:



Այնտեղ նշվում է նաեւ, որ Ադրբեջանը նպատակ է դրել ամբողջովին դուրս մղել լեզգիններին, ավարներին եւ ցախուրներին իրենց հայրենիքից: «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի տարիներին տասնյակ հազարավոր մեր պատանիներին իրենց կամքին հակառակ ռազմաճակատ տարան: Փաստորեն մեզ ստիպում էին կռվել Ադրբեջանի նկրտումներին հագուրդ տալու համար: Տոկոսային հարաբերությամբ ռազմաճակատում լեզգիններն, ավարներն ու ցախուրները շատ ավելի շատ էին, քան բուն ադրբեջանցիները: Նրանցից հազարավորները զոհվեցին, մեծ քանակությամբ երիտասարդներ անդամալույծներ դարձան: Միաժամանակ Ադրբեջանը շարունակեց բռնությունները մեր ժողովրդների հանդեպ:



Ադրբեջանը շարունակում է մեր հայրենիքի էթնիկ զտման եւ թուրքացման քաղաքականությունը: Մեր շրջաններում ղեկավար պաշտոնների առյուծի բաժինը, հատկապես իրավապահ մարմիններում, զբաղեցնում են վերջերս մեզ մոտ բնակություն հաստատած էթնիկ ադրբեջանցիները: Կանոնավորապես մասշտաբային ոստիկանական գործողություններ են անցկացվում, որոնցից հետո ադրբեջանական բանտերում անհետ կորչում են մեր մտավորականության ներկայացուցիչները»,-նշում են հայտարարության հեղինակները:



Համաշխարհային հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ լեզգինների, ավարների եւ ցախուրների ճակատագրին, օգնել պարզաբանել այդ ժողովրդների ձերբակալված եւ դեպի Ադրբեջանի խորքերը տեղափոխված ներկայացուցիչների ճակատագրերը: «Մենք նաեւ խնդրում ենք նախաձեռնել մեր պատմական հայրենիքում մեր ժողովրդների համար ինքնավարության ստեղծման գործընթացը: Հավաստիացնում ենք ձեզ, համաշխարհային հանրության անտարբերությունը մեր խնդիրների հանդեպ հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով ողջ Կովկասի համար»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է rossia3.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---