Փաշինյան․Բացատրություններ եմ պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից

Փաշինյան․Բացատրություններ եմ պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։

«Շանթ» Հ/Ը հաղորդմամբ, Փաշինյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ, առաջարկել է պատկերացնել իրավիճակ, երբ ՀՀ վարչապետն է քննարկում ՀԱՊԿ հարցերը երրորդ երկրի դեսպանի հետ։

«Սա դռնփակ ֆորմատով նիստ է․․․ փակ խոսակցություն է դաշնակիցների միջև։ Ես զարմացած եմ, որ 30 քանի կամ չգիտեմ թե քանի տարի երկրի ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է նրան այդպիսի քայլ թույլ տալ», - շեշտել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

«Որևէ մեկը նման հայտարարություններ անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք։ Քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», - շեշտել է նա։

Փաշինյանն ասել է, որ քննարկել է ՀԱՊԿ հարցը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա չի մեկնաբանել Բելառուսին նախագահությունն անցնելու հարցի վերաբերյալ կոնսենսուսի հնարավորությունը, նշելով, որ դա կոռեկտ չէր լինի իր կողմից։

«Մենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք և հույս ունենք, պահանջում ենք, որ նույնն անեն նաև իրենք», - շեշտել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---