18 հունիսի 2008 - 14:18 AMT
Այսօր ԱՄՆ Կոնգրեսում սկսվում են Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությանը նվիրված լսումները
Հունիսի 18-ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ, որի ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները կկարողանան հարցեր հղել Պետդեպարտամենտին` Հայաստանի եւ հարակից տարածքների գծով ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA):

Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը մինչ Կոնգրեսում կայանալիք լսումները, հանդես կգա հայտարարությամբ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ: Լսումների ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանն ու նրա կողմնակիցները կարծարծեն Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման, Հայոց ցեղասպանության հարցերում ԱՄՆ-ի քաղաքականության թեման:

Հունիսի 19-ի լսումների ժամանակ կարծարծվի նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարիա Յովանովիչի նշանակման հարցը: Այդ կապակցությամբ ANCA-ն կոչ է արել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին հստակեցնել Մարիա Յովանովիչի դիրքորոշումը Հայոց ցեղաասպանության, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում: