6 սեպտեմբերի 2002 - 22:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սույն թվականի հոկտեմբերից Հայաստանը մտադիր է գործարկել Ինտերնետի միջոցով մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այդպիսի առաջարկ է արել կառավարության երեկվա նիստի ժամանակ: Այսպիսով Հայաստանը դառնում է երկրորդ երկիրն աշխարհում, որը ծառայությունների նման համակարգ է տրամադրում: Համակարգիչ ունեցող եւ «համաշխարհային սարդոստայնին» հասու յուրաքանչյուր անձ կարող է ինտերնետի միջոցով հայտ ներկայացնել մուտքի արտոնագիր ստանալու համար, կատարել վճարումը կրեդիտ քարտի միջոցով եւ 24 ժամվա ընթացքում ստանալ պատասխանը: Էլեկտրոնային ճանապարհով ստացված մուտքի արտոնագիրը կտրվի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես: Փորձնական շրջանից հետո, նման ծառայություններ կտրամադրվեն նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանային անցակետերում: Այս ծառայությունները կտրամադրվեն հետեւյալ էլեկտրոնային հացեներով` www.armeniaforeignministry.am, www.armeniadiaspora.com, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանատան էլեկտրոնային սայթերի միջոցով: Նշենք, որ ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երեւանյան գրասենյակի աջակցությամբ: