Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է հայտարարվել

Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է մի շարք շրջաններում ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը: Նոյեմբերի 26-ին խորհրդարանի արտահերթ նիստում այդ որոշման օգտին է քվեարկել 276 պատգամավոր: Քվեարկությունից առաջ Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրություն է հայտարարվում Վինննիցայի, Լուգանսկի, Նիկոլաևի, Օդեսայի, Խարկովի և մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Ազովի և Կերչի ակվատորիայի ներքին ջրերում, գրում է Ինտերֆաքսը:

Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին, վերոնշյալ շրջաններից բացի, հիշատակել է նաև Դոնեցկի և Զապորոժյեի շրջանները: Ռազմական դրությունը մտցվել է 30 օրով:

Պորոշենկոն հստակեցրել է, որ ռազմական դրությունը կիրառվելու է միայն ցամաքային ագրեսիայի դեպքում: «Հենց որ ռուս զինվորը հատի Ուկրաինայի սահմանը, ես մի վայրկյան անգամ չեմ վարանի՝ ապահովելու համար ուկրաինական հողի պաշտպանությունը»:

Ռազմական դրություն հայտարարելու կոչով Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը հանդես եկավ, երբ նոյեմբերի 25-ին ՌԴ սահմանապահ ծառայությունը կալանք դրեց Սև ծովում, Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի վրա: Ուկրաինական կողմը պնդում է, որ նավերն ուղղակի անցնում էին Կերչի նեղուցով: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարեց, որ նավերը «վտանգավոր զորաշարժեր էին կատարում և չէին արձագանքում ռուսական կողմի պահանջներին»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---