
2019-ին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները: «Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Շահրամանյանը, հայտնում է «Արցախպրեսը»:
2018-ի սկզբին հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541.331.200 դրամ (ավելի քան 1 մլն դոլար) է ներդրել Թալիշի զարգացման համար: Գումարը նախատեսվում էր ուղղել գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տանվերակառուցմանը և վերանորոգմանը: