28 նոյեմբերի 2018 - 11:14 AMT
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին հնչող խոսքերը

ՄԻՊ Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում նախընտրական քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին հնչող խոսքերը:

«Ցավոք, մենք այս ոլորտում ունենք վիրավորանքի, այլատյացության աճ: Սա համարում եմ մտահոգիչ», - լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ին ուղղված ՀՀԿ այն հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնակատարի խոսքում ատելության դրսևորումներ են նկատվում, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նման պահվածքն ազդում է խոսքի ազատության վրա: ՄԻՊ-ը նկատել է՝ սոցցացներում վիրավորանքի կամ ատելության խոսքի դրսևորումները մեծամասամբ արվում են կեղծ (ֆեյք) օգտատերերի կողմից:

«Կեղծ օգտատերի ինստիտուտի զարգացումը հատկապես մտահոգիչ է: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, այլատյացության խոսքը կամ վիրավորանքը շատ անգամ տարածվում են առևույթ կեղծ օգտատերերի կողմից», - ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ իրենք ստեղծել են անկախ աշխատանքային խումբ և շուրջօրյա դիտարկումներ են իրականացնում:

ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններին և որակելով դրանք որպես «ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձել է դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատող ՀՀԿ-ականներին:«Սասուն Միքայելյանը մի նախադասություն է ձևակերպել ու հետո պարզաբանել է այն: Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ,«շուշանպետրոսյանա-արմենաշոտյաններ» Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելիյանից: Ձեր քաշի չափ Միքայելյանի մարմնում ասկոլկա կա», - ասել է Փաշինյանը: