ՀՀ նախագահը՝ Գերմանիայի Կարմիր խաչում. Այստեղ եմ՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելու

ՀՀ նախագահը՝ Գերմանիայի Կարմիր խաչում. Այստեղ եմ՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելու

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում շնորհակալություն է հայտնել գերմանական Կարմիր խաչին 1988-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդին օգնության բարեկամական ձեռք մեկնելու համար: Այդ մասին նախագահն ասել է գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթին։

Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ամբողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն և բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած բնակչությանը՝ համագործակցելով Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:

Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթը ՀՀ նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին է հանձնել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10,000 եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և հավելել, որ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգմանը ճիշտ նույն գումարի չափով նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ որպես երկու ժողովուրդների իսկական բարեկամության արտահայտություն և ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու հնարավորություն։

Կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը, խոսելով 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ծանր հետևանքների, մարդկային կորուստների, անօթևան մնացած մեծաթիվ բնակչության մասին, նշել է․ «Այս բոլորը շատ տխուր է և ողբերգական։ Բայց այս 30 տարվա մեջ կա նաև շատ մարդկային, ջերմ պատմություն։ Պատմություն մարդկային սիրո, հոգատարության, ուշադրության և անտարբերության բացակայության մասին։ Մենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում ապրող հայերս երբեք չենք մոռանա այն ջերմությունը, ուշադրությունը և մարդկային վերաբերմունքը, որ մեր բարեկամները ողջ աշխարհից ու նաև այս հրաշալի երկրից ցուցաբերեցին Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ուզում եմ վստահ լինեք, որ յուրաքանչյուր հայի սրտում այդ խորին շնորհակալությունն ու հարգանքը կա։ Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն․ վերջերս Գյումրիում էի, և այդ շնորհակալությունը նկատեցի ոչ միայն ավագ սերնդի մեջ, այլև նրանց, ովքեր երիտասարդ են, ովքեր չեն տեսել երկրաշարժն իրենց աչքերով, բայց պատմությունն իրենց մեջ է և իրենց մեջ կրում են նաև այն շնորհակալությունը, որ ծնողներն են փոխանցել։ Այնպես որ, ես այստեղ եմ՝ ոչ միայն իմ, այլև ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալության խոսքեր ասելու համար»։

Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը ՀՀ պետական պարգևներ և հուշանվերներ է հանձնել Գերմանիայի Կարմիր խաչի մի շարք աշխատակիցների։ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին ցուցաբերած գործուն մասնակցության և բարեգործական անխոնջ գործունեության համար Գերմանիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհաննես Ռիխտերը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներ Զիգֆրիդ Հեթմանշպերգերը և Կառլ-Հայնց Շայդեն՝ Երախտագիտության մեդալով:

Դիմելով կազմակերպության նախագահ Գերդա Հասսելֆելդթին՝ նախագահ Սարգսյանը խնդրել է իր շնորհակալության խոսքը փոխանցել Գերմանական Կարմիր խաչի բազմահազար մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը, կյանքը և սերն են ներդնում՝ ուրիշի դժվարությունը հաղթահարելու համար։

Ավելի վաղ Գերմանիայի նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Իսկ նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---