Վրաստանն առաջին կին նախագահն ունի

Վրաստանն առաջին կին նախագահն ունի

PanARMENIAN.Net - Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քաղաքացիները նախապատվությունը տվել են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է Deutsche welle-ն: :

Վրաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահի պաշտոնն առաջին անգամ կին է ստանձնում:

Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի, երկրորդ փուլում Զուրաբիշվիլին հավաքել է քվեների գրեթե 60 տոկոսը: Ընդդիմադիր «միասնական ազգային շարժում» Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է մոտ 40 տոկոսը:

Վաշաձեն չի շտապում ընդունել պարտությունը: Նա հայտարարել է, որ կսպասի պաշտոնական տվյալներին, քանի որ, ըստ նրա, «մեծ թվով ընտրողներ ընտրատեղամասեր են եկել 17:00-ից հետո»: Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով 20:00-ին:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը սատարում էր Վաշաձեին, կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին դուրս գալ բողոքի ցույցերի՝ պահանջելով նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Վաղվանից, անկախ արդյունքներից, մենք անցնում ենք զանգվածային անհնազանդության ակցիաների: Ես կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը, բանակին հեռու մնալ քրեածին մաֆիոզ բանդայից: Ես կոչ եմ անում Վրաստանի փրկությունը ձեր ձեռքը վերցնել»,-հայտարարել է նա, հայտնում է BBC-ին:

Այս ընտրությունները Վրաստանի նախագահի վերջին ընտրություններն էին ուղիղ քվեարկության եղանակով: Այսուհետ նախագահին ընտրելու են ընտրիչ կոլեգիայի 300 անդամները: Ըստ 2017-ի սահմանադրական փոփոխությունների, նախագահի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն կրճատվել են: Սակայն նախագահը միևնույն է մնում է գլխավոր գերագույն հրամանատարը, ինչպես նաև վետոյի և ներում շնորհելու իրավունք ունի: Շատերը համարում են, որ այս ընտրությունները կարևոր թեստ են քաղաքական ուժերի համար 2020թ. խորհրդարանական ընտրություններից առաջ:

Ըստ տեղի դիտորդների, ընտրությունների 2-րդ փուլից առաջ մթնոլորտն էլ ավելի լարված էր ու բևեռացված:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---