Ուկրաինան արգելել է 16-ից 60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքը երկիր

Ուկրաինան արգելել է 16-ից 60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքը երկիր

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան ՌԴ արական սեռի քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

«Սաhմանային հսկիչ անցակետերում ստուգման ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Սահմանափակվել է օտարերկրացիների, առաջին հերթին՝ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր: Արգելված է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր»,- պետական սահմանապահ ծառայության ղեկավար Պետրո Ցիգիկալին հղումով, գրել է Պորոշենկոն։

Նոյեմբերի 25-ի առավոտյան երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար և հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---