Տոնոյան. Ինտենսիվ աշխատում ենք Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ

Տոնոյան. Ինտենսիվ աշխատում ենք Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: Այդ մասին հայտնել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ ընդունելով 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Հանդիպման ընթացքում Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով: Նրանք մեկ անգամ նշել են, որ 2004-2006թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կ. Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դավիթ Տոնոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է ՀՀ Բերդավան գյուղի գերեվարված բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողություն կատարելու փորձի մեջ»:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին, ասել է.«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---