23 հունիսի 2008 - 18:23 AMT
Ադրբեջանը «չհավանեց» ամերիկացի կոնգրեսականների հայտարարությունները Ղարաբաղի հակամարտության մասին
Ենի Ադրբեջան կուսակցությունը նամակ է հղել մի խումբ կոնգրեսականների նրանց զբաղեցրաց դիրքորոշման առումով, որը նրանք գրավել էին «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ» թեմայով լսումների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, կոնգրեսականներ Հովարդ Բերմանին, Ջո Նոլենբերգին, Բրեդ Շերմանին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալոունին ասվում է. «Լսումների ժամանակ բազմակողմանի քննարկվել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ օրեց օր զարգացող ռազմավարական գործընկերության հարաբերությունները, բարձր գնահատական տրվեց այդ հարաբերություններին: Սակայն, ցավոք, լսումների ժամանակ հնչած ելույթները բողոքի ալիք բարձրացրեցին ադրբեջանական հանրության, ինչպես նաեւ իշխող Ենի Ադրբեջան կուսակցության կողմից: Ելույթում օբյեկտիվ գնահատական չի տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ճշմարտությունից հեռու կարծիքներ են հնչել: Մենք վստահ ենք, որ Ձեզ եւ այլ կոնգրեսականներին, որոնք հանդես են եկել նման տեսակետով, հայտնի չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերի մասին այդ հակամարտության հարցով: Ձեզ հայտնի է, որ հենց հայկական ագրեսիայի արդյունքում օկուպացվել է ադրբեջանական հողերի 20 տոկոսը, ավելի քան 1 մլն. գաղթականներ տարհանվել են իրենց հայրենիքից»: Ուղերձում ասվում է, որ Հայաստանը «իր ագրեսիվ քաղաքականությամբ, որը նա շարունակում է եւ այսօր, իրեն դուրս է թողել բոլոր տարածաշրջանային նախագծերից». «Եթե դուք բողոքումեք որեւէ շրջափակման դեմ, ապա ավելի ճիշտ ու տրամաբանական կլիներ այդ բողոքները ուղղել Հայաստանի դեմ», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հունիսի 18-ին կայացած լսումների մասնակիցները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ այդ երկրում սպառազինության աճի առումով: Մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենք Փալոունը հայտարարել են, որ Ադրբեջանը բռնատիրություն է, որը շարունակում է հանդես գալ ագրեսիվ հայտարարություններով եւ կոչ են արել ԱՄՆ վարչակազմին կանգնեցնել ադրբեջանական ռազմական մեքենան: Ֆրենք Փալոունը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի եւ Ադբեջանի կառավարությունների միջեւ շփումներ ապահովելու, ինչպես նաեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Նա նաեւ անհանգստություն է հայտնել այն փաստի առումով, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում ԱՄՆ պետդեպարտամենտի վրա, փորձելով խոչընդոտել ԱՄՆ-ի եւ Լեռնային Ղարաբաղի շփումներին: Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է. «Մենք պետք է պայքարենք Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման դեմ, որը ոչ մի արդարացում չունի»: