Նախագիծ. Երթևեկության 100 խախտումից 27-ի տուգանքի չափը կնվազի

Նախագիծ. Երթևեկության  100  խախտումից 27-ի  տուգանքի չափը  կնվազի

PanARMENIAN.Net - Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումից 27-ի համար նախատեսված տուգանքի չափը կնվազի:

Նախատեսվում է 8 իրավախախտման համար տուգանքի չափը նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ինը` 50%-ով, ևս 9-ինը` 50%-ից նվազ չափով:

Նախագիծը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

30,000 դրամը չգերազանցող տուգանք կնախատեսվի ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող բոլոր այն վարչական իրավախախտումների համար, որոնց հանրային վտանգավորության աստիճանի գնահատումը թույլ կտա հանգել հետևության, որ վարչական տույժի նպատակներին կարելի է հասնել նշված չափը չգերազանցող տուգանքի և վարչական այլ տույժերի համատեղ կիրառմամբ:

Առավել վտանգավոր այն վարչական իրավախախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30,000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել՝ համարժեք պատիժ նախատեսելու նպատակով` միաժամանակ ապահովելով միատեսակ մոտեցումը փաստացի նույն կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ:

Վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Անհամեմատ մեծ տարածում ունեցող իրավախախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս մոտեցումը որդեգրվել է հիմք ընդունելով ոստիկանությունում առկա նախորդ տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունը: Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու (հետագայում՝ նաև կասեցված իրավունքը վերականգնելու) օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր:

Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:

Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ:

Տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորի մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության այն կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով:

Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:

Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով (միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենքով նախատեսվելու են կասեցման ժամկետները կրճատելու պայմաններ, օրինակ` ժամկետի կեսը լրանալուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը վերականգնելու համար տեսական քննություն հանձնելը, ինչը ևս տեղ է գտել նախագծում):

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:

Ընդհանուր առմամբ առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումից 20-ի համար:

Տուգանային միավորի ինստիտուտը բացառելու է գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, որի համաձայն` եթե կատարողական վարույթն ավարտվում է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, ինչպես նաև պարտապանի գույքը պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար բավարար չլինելու հիմքերով, և հարկադիր կատարման ներկայացված՝ իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա պարտապանը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Վարելու իրավունքից զրկելը վարչական տույժ է, պատասխանատվության միջոց, հետևաբար կարող է կիրառվել միայն վարչական զանցանքների համար: Քննարկվող դրույթը վարչական զանցակազմ չի պարունակում, իսկ պարզ ասած՝ պարտապանի կողմից 500,000 դրամ տուգանքը չվճարելը իրավախախտում չէ, հետևաբար դրա համար անձը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից չի կարող զրկվել:

500,000 դրամ տուգանքից վճարելով թեկուզ շատ փոքր մասը (օրինակ՝ 1000 դրամ), անձը փաստացի կարող է խուսափել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկումից: Այսինքն` տվյալ դեպքում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում ներգործության միջոցի կիրառումը անարդյունավետ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---