Նախընտրական կարկանդակ ու մանդարին. Քարոզարշավ, օր 8-րդ

Նախընտրական կարկանդակ ու մանդարին. Քարոզարշավ, օր 8-րդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին՝ նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը, քաղաքական ուժերը շարունակեցին մանդարին, կարկանդակ և խոստումներ բաժանել ընտրողներին: PanARMENIAN.Net - ն ամփոփում է 8-րդ օրը:

Զենք կրելու իրավունքի մասին

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ սահմանապահ հատվածում ժողովուրդը պետք է զինված լինի:

«Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի, և հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա»,-ասաց նա:

«Մերժել տոտալիտար աղանդներին»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեց, որ պետք է մերժել «տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից»:

Նա ասաց նաև, որ պետությունն իր հավատարմությունն է հայտնում քրիստոնեության և Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին:

Մուրաբաներին փոխարինելու եկան կարկանդակները

«Մենք» դաշինքը դեկտեմբերի 3-ի քարոզարշավը սկսեց Երևանի կենտրոնում. թեկնածուները մարդկանց կարկանդակներ բաժանեցին։

Արցախը, «դավադրություններն» ու մեղադրողները

Փաշինյանը Արարատում նախընտրական հանդիպման ժամանակ կոչ արեց չհավատալ «քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար արվող Արցախի վերաբերյալ սադրիչ հայտարարություններին, կեղծ տեղեկատվությանը»:

«Ոմանք փորձում են մեզ մեղադրել Արցախի դեմ ինչ-որ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար: Երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ: Նաև հանրության առաջ թող կանգնեն և պատասխան տան»,- ասաց Փաշինյանը:

Շարմազանովի պատասխանը սպասեցնել չտվեց

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովն անմիջապես արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը. նա հայտարարեց, որ վարչապետի պաշտոնակատարն այլկարծությունը հիվանդագին է ընդունում:

«Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելն արդեն դավաճանություն է համարվում», - ասաց Շարմազանովը:

7 օրում 1.5 տոննա մանդարին

Պարզվում է` քարոզարշավի առաջին յոթ օրում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ընտրողներին հասցրել է 1.5 տոննա մանդարին բաժանել:

Ադրբեջանի՝ Նախիջևանում «ազատգրած» հողերի մասին

Փաշինյանը Արարատի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ Նախիջևանում 11,000 հա «ազատգրելու» մասին Ադրբեջանի լուրը կեղծ է:

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո շատ արագ Ադրբեջանը հայտարարեց Նախիջևանում 11,000 հեկտար «ազատգրելու» մասին, և ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար, կամ անգիտակցաբար, տուրք տվեցին այդ ապատեղակտվությանը: Ես հույս ունեմ, որ դուք՝ Արարատի բնակիչներդ, հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեություն է, և որ ՀՀ ԶՈւ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վստահորեն պաշտապնում է մեր սահմաններն ու անվտանգությունը», - ասաց Փաշինյանը:

«Ոնց որ 47 թիվը լինի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ քաղաքը եղել է արդյունաբերական կենտրոն, մարդկանց 65-70 տոկոսն աշխատել է գործարաններում:

«Այսօր, նայելով քաղաքին, ոնց որ 47 թիվը լինի՝ բոլոր գործարանները քանդված ու ավերված են», - ասաց Ծառուկյանը:

Ով է այլընտրանքը

«Լուսավոր Հայաստան», «Մենք», «Սասնա ծռեր» և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք այլ ուժերից հետո, դեկտեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ևս հայտարարեց, որ հենց իրենք են այլընտրանքը:

Ա՛խ նորից Սահմանադրություն, ա՛խ նորից փոփոխություններ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարեց, որ առաջարկում է ԱԺ-ում հայտնվելիք ուժերին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել: Հայտարարությանը միացավ «Սասնա ծռեր» կուսակցությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---